Ավանդական Զատիկ

Ավանդական Զատիկ

«Զատիկ» բառը շատ հին է, այն նշանակում է «տառապանքներից ազատում»: Հայերը երկու տոնն էլ կոչել են Զատիկ`փոքր և մեծ:

Զատիկը հաստատում է Հարության խորհուրդը, մարդկության հույսը` այն, որ մահը վերջը չէ:  Զատիկը Քրիստոնեական շարժական տոն է, նշվում է մարտի 22-ից հետ` 35 օրերի ընթացքում` այն կիրակին, որն այդ տարի հաջորդում է լուսնի լրմանը: Վաղ ժամանակներում տոնը տարբերվում էր նշելու ձևերով, ասում էին` Զատկի օրը բախտ են բաժանում,  և ով քներ, բախտից կզրկվեր: Զատկական մատաղը տոնի գլխավոր բաղադրիչն էր:

Գյուղական ընտանիքների դրամահավաքով գնված եզները կամ ոչխարները զոհաբերվում էին եկեղեցու բակում և եփվում մեծ կաթսաներով: Սա տարվա ամենաթանկարժեք  մատաղն էր համարվում: Մատաղը հսկում էին համայնքի կողմից ընտված,  այսպես ասած` «արդար» մարդիկ, իսկ եփվող կաթսաների շուրջ հավաքված երիտասարդները մինչև լույս խաղում էին զատկական ամենասիրվածը` ձվախաղը:

Ողջ գիշեր երգեր էին երգում, դրանք անսպառ էին, իսկ անհրաժեշտության դեպքում`  հորինվում էին նորերը` սիրո, բարեկեցության , հաջողության մաղթանքներով: Զատկի գիշերը, ում տանը տղա ծնվեր, մեծ բախտավորություն էր համարվում, նրանք համարվում էին աստվածային շնորհ ստացողներ:

Գիշերային եռուզեռից հետո` վաղ առավոտյան, եկեղեցու զանգերը հնչելուն պես,  մարդիկ տոնական հանգնված շտապում էին եկեղեցի: Ժամերգությունից հետո ոմանք քահանայի օրհնությամբ եղբայրանում և  քույրանում էին, այս կապը սրբորեն պահվում էր, որից հետո նրանց միջև ամուսնություններն արգելված էին: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է` զատկական տոնի բաղադրիչ կազմող բոլոր պարագաները կյանքի զարթոնքի խորհուրդն ու իմաստն են կրում, իսկ տոնը հայոց մեջ միշտ զոհաբերության պահանջ ուներ:

Ինչ չի կարելի անել Զատիկի օրը.

1). Զատկի տոնին չի կարելի աշխատել։ Իրականում եկեղեցին չի արգելում աշխատել այդ օրը, սակայն այն աշխատանքը, որը կարող եք մեկ այլ օր անել, պետք չէ Զատկի տոնին անել:
Պետք չէ տնային խնդիրներով զբաղվել՝ լվացք անել, ինչ-որ բան պատրաստել և այլն․․․
Եկեղեցականները նշում են, որ խիստ արգելքներ չկան, սակայն ցանկալի չէ այդ օրն ինչ-որ աշխատանք կատարել, քանի որ այդ օրը մեծագույն տոն է․․․

2. Զատկի տոնին չի կարելի այցելել գերեզմանատուն։ Զատիկը բարության, ուրախության ու լույսի տոն է։ Այս օրը Քրիստոսը հարություն է առել մեռյալների միջից։ Ընդունված է կարծել, որ եթե մարդը նոր է մահացել, այս օրը պետք է գնալ գերեզման։ Իրականում դա սխալ է։ Գերեզմանատուն կարելի է այցելել միայն հաջորդ օրը, որը համարվում է մեռելոց։

3. Զատկի տոնին չի կարելի տխրել ու վատ տրամադրություն ունենալ։ Զատիկն ուրախության տոն է, այդ պատճառով էլ տխրությունն ու սուգն արգելվում է։ Այս տոնին պետք է ազատվել բացասական բոլոր մտքերից ու էներգիայից։ Ինչպես նաև` չի կարելի հայհոյել ու վիճել։

4. Զատկի տոնին չի կարելի դեն նետել ավելացած ուտելիքը։ Որպես կանոն` տոնական սեղանին սնունդ է մնում, որը չի օգտագործվել։ Պետք չէ դեն նետել այն, ինչ ավելացել է։ Այս օրն ընդունված է սննդի մնացորդները կենդանիներին ու թռչուններին տալ։

Ինչպես են նշում Զատիկը այլ երկրներում.

Անգլիայում Զատկին դպրոցները երկու շաբաթով փակվում են, եկեղեցիները զարդարում են նոր ծաղկած ծառի ճյուղերով, մարդիկ իրար շնորհավորում են մեծ պահքի ավարտի կապակցությամբ:

Լեհաստանում Զատիկը տոնում են երկու օր: Տոնական ընթրիքը սկսվում է աղոթքով: Սեղանին դնում են ձու, միս ու երշիկ: Զատկի կիրակիին հաջորդում է թաց երկուշաբթին: Լեհերը ջրում են միմյանց, քանի որ գտնում են, որ ջուրը բերում է առողջություն ու հաջողություն:

Ավստրալիայում Զատիկը տոնում են չորս օր՝ ուրբաթից մինչև երկուշաբթի: Այստեղ տարածված են շոկոլադից կամ շաքարից պատրաստված ձվերը: Սեղանի զարդը Ավստրալիայում տեղական աղանդերն է՝ բեզեով տորթը՝ զարդարված կիվիով, արքայանարինջով, մանդարինով ու հատապտուղներով:

Բուլղարիայում տոնում են գրեթե հայերի նման: Ձվերը կռվեցնում են այնքան ժամանակ, մինչև բոլորը կոտրվեն:

Բրազիլիայում միմյանց գեղեցիկ փաթեթավորած շոկոլադե ձվեր են նվիրում, որոնց մեջ խաղալիքներ են պահված: Այստեղ մեծ մասը կաթոլիկներ են, ուստի Զատիկը գլխավոր տոներից մեկն է:

Գերմանիայում Զատիկին ձուկ են ուտում: Ուրբաթ և շաբաթ օրերին ոչ ոք չի աշխատում: Շաբաթ երեկոյան շատ վայրերում վառում են Զատկի խարույկը, որը ազդարարում է ձմռան ավարտը ու խորհրդանշում է չար ուժերի ոչնչացումը:

Վրաստանում ևս Զատիկը առավել սիրված ու սպասված տոներից է: Այս տարի ուղղափառ քրիստոնյաներն այն կդիմավորեն մայիսի մեկին: Ավելի քան մեկ ամիս տարբերությունը լինում է 5 տարին մեկ անգամ: Սա հաշվարկի մոտեցման տարբերությունների արդյունքն է, Ուղղափառ եկեղեցին և արևելյան մյուս քրիստոնյաները Զատիկի հաշվարկն անում են առավել բարդ մեթոդով: Չափանիշներից մեկն, օրինակ այն է, որ օրն ընտրվի հրեական Զատիկից հետո:

Оставьте комментарий